Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խոր ու հախուռն մի բանաստեղծ

Խոր ու հախուռն մի բանաստեղծ
23.10.2015 | 15:51

Տակավին 1989-ն էր, երբ տողերիս հեղինակին, լրագրողական աշխատանքիս բերումով, առիթ ստեղծվեց ծանոթանալու, այնուհետև մամուլում ներկայացնելու այն ժամանակ բոլորովին անհայտ, բայց խոր ու հախուռն մի բանաստեղծի՝ Կարո Առաքելյան անուն-ազգանունով։ Մեր ապրած օրերի հևքն էր առաջին անգամ ընթերցողին ներկայացված շարքում՝ արցախյան ազատամարտ, գնդակի իրեղեն համբույրից նահատակ ազգընտիր հայորդիներ, նոր-նոր վտակվող արտագաղթ, անլույս ու դաժան մաքառումի օրեր, մաքառում, որին շատերը չդիմացան՝ լքելով հայրենիքը ծանր ու «փոթորկուն օրերին»։ Բանաստեղծի շեշտակի խոսքը նրանց էր ուղղված, ովքեր իրենց կյանքի մայրամուտին հայրենի հողին խառնվել են տենչալու.

Թե որ վերջին հանգրվանով
Մայր հողի մեջ հանգչել տենչաս՝
Լինենք շիտակ՝ դու քեզանով
Լոկ ծանրություն, բե՜ռ պիտի գաս...
Բանաստեղծն ինքն էլ լինելով ազատամարտի առաջին շարքերում, ժամանակ անց խորազնին հայացք էր նետելու համազգային սքանչելի զարթոնքից հետո անսպասելի արագությամբ «ծաղկող»-խեղաթյուրվող իրողություններին, ուր «որոնումն է դառնում անարդյունք, իսկ հուսալքման հողը՝ պտղավոր»։ Եվ դառնագին մտորումները մղում են ճշմարտախոս եզրահանգումների.
Երբ խև ու տհասն է ելնում վեր՝
Նրա հովանու անսանձ կամքն է խոսում,
Երբ գիտեն, որ արարքն անպատժելի է՝
Ավելի են գործում տմարդի,
Երբ շա՛հն է վարում դատի ընթացքը՝
Վա՜յ անմեղ, գործից անտեղյակ զոհին…
Բաբախուն ու տաք է Կարո Առաքելյան բանաստեղծի ստեղծագործական զարկերակը, փիլիսոփայական ընդհանրացումները՝ խորիմաստ ու անհերքելի.
Երբ հայրենին է վտանգի շեմին՝
Գրիչը զենք չէ, թուղթն էլ՝ մարտադաշտ…
Այսուհանդերձ, կոչումով մտավորականն անզոր է խուսանավելու-խուսափելու կենսադաշտում իրեն վերապահված կռվից, չհնչեցնելու ինքնակեղեքումից արձագանքվող հարցադրումները, որոնք սոսկ եսական հնչողության չեն միտված.
Օտարահալած հոգիդ ամեն տեղ
Նորից ու դարձյալ հալածման մեջ է,
Անձդ՝ կասկածի ճիրանների մեջ՝
Դո՞ւ ես, թե՞ մեկ այլ օտարամարմին…
Փոթորկված ու խենթ օվկիանոսի մեջ
Ուղեբեկ նավ ես՝ ցամաքից հեռու,
Եվ չես իմանում՝ հողմերին տրված
Ո՞ւր ես հասնելու…
Հայոց ճակատագրի մշտահոլով տագնապը, որ յուրովի է հնչեցնում մերօրյա բանաստեղծը։ Նրա հենց երախայրիք՝ «Մենախոսություն» գիրքը, որից արված են այս մեջբերումները, շահեկասարին մտերմանում է լրջմիտ ընթերցողին, նրան տանում խոհի, ինքնազննման ու կենսաընկալման ճշմարիտ հանգրվան։ Եվ քանզի մարդկային եսին չափազանց բնորոշ է նաև երախտամոռությունը (մանավանդ ներկա ժամանակներում), ուրեմն հենց այնպես չի հեղինակի մորմոք-իմաստնացումը.
Կամեցար բարին՝ ավա՜ղ, հենց այդտեղ
Դու հալածանքիդ վճիռն ես անում
Եվ չես էլ միտում, որ մարդ կոչվածիդ
Հունով ես տանում հալածանքների,
Քանզի կեղծիքի և ժանտ գործարքով
Մարդաոհմակի մեջ ես միայնակ
Եվ չես կարենում հավաստել քոնը…
Թվում է, թե շեքսպիրյան հուզախռով հերոսների ժամանակներն ես վերապրում, թեև բացահայտ իրողություն է և այն, որ մարդ արարածը, անկախ տիեզերանվաճ իր զարգացումներից, նույնն է իր էությամբ, իր տենչերով ու զգացումներով, իր սիրով ու ատելությամբ, իր ցավերով ու դավերով.
Հեռու-հեռավոր ժամանակներից,
Դիզված դարերից ու մինչև հիմա
Ստի ահավոր գործարքը դաժան
Մոլեգնած արյան հեղեղ է ծնում,
Առնում է իր մեջ ժողովուրդների,
Խորտակվող ուժով տանում է բախման…
Նեղ, անձնական հոգս ու դավերով շաղախված նեյնիմախոս բանաստեղծներից չէ Կարո Առաքելյանը։ Մտասևեռումային, խոհա-փիլիսոփայական նրա ընդհանրացումները, ասելիքի տրամաբանական շեշտվածությունը գալիս են կրկին ու կրկին հաստատելու այն ճշմարտությունը, որ մնայուն, մարդկային սրտի ու հոգու հետ մտերմացող բանաստեղծական խոսքը առավելապես խարսխված է լինելու մտքի հենասյուներին և հունցված պատկերավորի ու հուզականության շաղախով։
Ներհուն մի կշռադատողությամբ է տասներեք տարաբնույթ գրքերի հեղինակը հայացք նետում կյանքի ու աշխարհի անցուդարձերին, հպարտանալով հանդերձ, տագնապում իր երկրի ու ժողովրդի, մոլորակ-խաղալիքի ճակատագրի համար.
Երկյուղում եմ ես մտքերիցս հախուռն,
Որ կաթիլ-կաթիլ գալիս, կուտակվում,
Դա՜վն են գուշակում աշխարհակործան
Եվ ավերումի խա՜ղն են գուշակում…
Իսկ աշխարհն այսօր, թերևս առավել քան երբևէ, արյան, ավերումների, կրոնական ու ահաբեկչական բախում-պատերազմների թատերաբեմի է վերածվել։ Եվ այս պարագայում բանաստեղծը ճշմարտանում է որպես մայր-մոլորակի բնակիչ ու քաղաքացի։ Եվ տեղին է հնչում նրա՝ իրադարձությունների ընթացքը գուշակող բանաստեղծի տագնապ-հորդորանքը.
Կրոնն է դարձյալ բախում ծնելու,
Հունից շեղելու այս մոլորակը,
Խավար անելու բազում արևներ,
Եվ ժողովուրդներ դարձյալ կտնքան…
- Արթնացե՛ք, խղճի լուսավոր հայրեր,
Ձեր որդիներին տարեք քավության,
Քանի առկայծող այս կրքերը մութ
Չեն մարել լույսը այս մոլորակի…
Խորախորհուրդ ու բազմաշերտ են Կարո Առաքելյանի ստեղծագործական ոգորումները, և բնավ էլ պատահական չէ, որ փորձում եմ ասելիքիս առանցք ընդունել իր իսկ բանատողը, սեփական ընկալումներս բացել-բացահայտել իր «Մենախոսություն» մեծարժեք ժողովածուից առատորեն արված մեջբերումներով։ Այո, բնավ պատահական չէ, քանզի, ասենք, որևէ գեղանկարի մասին կտավն ինքն ավելի ստույգ ու ճիշտ է ասում, քան այդ աշխատանքը մեկնաբանողը։ Ահա մարդկային եսի, կերպի ու ինքնության նրա բառակերտ վրձնման մի քանի բանատող.
…Հավատարմության երդումի քողով
Դավաճանության դավեր ես նյութում,
Հազար ասածիդ մեկն է իսկություն,
Ստելը լեզվիդ պարարտությունն է…
Այսպես թել առ թել քանդել-բացահայտելով մարդ արարածի ինքնությունը, այսուհանդերձ, բանաստեղծն ինքը հակված է ադամորդու՝ կատարելապես մարդեղենացման անթաքույց հավատքին.
...Լինես սերվածը եռանդուն խենթից,
Թե փայլուն մտքի գերագույն հանճար՝
Դափնե պսակով լավիդ խոնարհվեմ
Եվ օրհնաբանեմ վեհ-առաքինիդ...
Իսկ վերջում՝ հավատամքի ակորդ.
Քինակալ ոխիդ ես անհաշտ մնամ,
Անունդ անգամ դահիճս չասեր,
- Լսո՞ւմ ես, ո՛վ մարդ, եղիր բարեկամ
Ու աստվածացիր՝ անչար, գթասեր...
Աստծու կերպարով մարդ Մարդուն տեսնելու ծարավն են ունեցել բոլոր ժամանակների բանաստեղծները։ Նույնն է փափագը նաև մերօրյա տաղանդավոր բանաստեղծի. «Դափնե պսակով լավիդ խոնարհվեմ և օրհնաբանեմ վեհ-առաքինիդ…»։ Նույն երազանքը փայփայելով, սերունդներ են հաջորդում մեկը մյուսին…
Ես չգիտեմ՝ մեր բանաստեղծներից որի՞ հոգում ինչպիսի ողբերգությամբ արձագանքեց հայոց խորհրդարանում կատարված ազգադավ ոճրագործությունը, բայց քաջատեղյակ եմ մեր հեղինակի ամբողջական գրքին, որը խոցված սրտի ցավատանջ ճիչ է, արձակ և չափածո մորմոք-հեծեծումների, զայրույթ-բողոքի, ինքնադատափետման, դահիճների հանդեպ ոխակալ ցասման ու հատուցում տենչացող ազնվարյուն ՀԱՅԻ ձեռամբ ու արյունով գրված մի դատաստանագիրք.
Հայոց օրն այսօր արյամբ է մթնել,
Հայոց օրվա մեջ
Անկենդան հո՜ւյսն է զոհասեղանին…
Չմանրամասնենք։ Այդ գիրքն առավելապես գալիք ժամանակների, ավելի շուտ՝ արդարամիտ դատաստանի օրվա համար է, որը, չենք տարակուսում, գալու է վաղ թե ուշ։
Նշեցի բանաստեղծի բազմալար քնարի մասին, որի ամենահնչեղներից է նրա սիրերգությունը։ Սերը բանաստեղծի համար կենսապայման է, ապրել-արարելու խթանիչ ուժ.
Քեզ հետ այս ի՞նչ արեցինք.-
Հրդեհեցինք մի աշխարհ,
Ավերեցինք մի շեն տուն,
Ցուրտ ձմռան մեջ դողահար
Մենք մի որբ սեր թողեցինք…
Կարո Առաքելյանի քնարական հերոսուհին, որին իր սիրո պալատը դարձի է կանչում, աստվածային է, իր զոհողություններին, անգամ զոհաբերումին արժանի.
Ես քեզ չեմ դատում,
Այլ՝ պատժում եմ ինձ,
Կամքդ չեմ բանտում,
Հալածում եմ ինձ…
«Կարոտի հրդեհից մրսող» բանաստեղծի սիրտը մշտապես բուրվառող սիրո խնկաման է հիշեցնում, աբշիռությամբ բուրող խնկաման, որի ծնունդ են նրա քնարաշունչ հատորյակները, այո, հատորյակները՝ առլեցուն մաքրամաքուր զգացմունքներով, կորսված սիրո տվայտումներով, սիրո էակի հանդեպ ասպետական խնկարկումներով, հայուհուն պաշտամունքի հասցնող արժանապատիվ խոնարհությամբ։ Արժի հիշատակել այդ հատորյակները՝ «Սերը անուն չունի», «Հայուհուն», «…Եվ հմայված լինելը սահմաններ չճանաչեց»։ Մանավանդ վերջինը, որը կնոջ անմեկնելի, կախարդող հմայքից «ցնցված», բայց անպատասխան սիրո երգամատյան է, առանձնանում է զգացմունքային շիկացածությամբ, խորքով, տառապանքի խտացման ելևէջումներով։
Հարկ է նշել, որ Կարո Առաքելյանը նաև էպիկական շնչառությամբ օժտված բանաստեղծ է։ Ասվածն են վկայում նրա «Ճգնավորը», «Տիրան-Նեհմե», «Արարման խորհուրդը» ծավալուն պոեմները՝ ընդգծված կերպարներով, սյուժետային հստակ ընթացքով… լուծումներով։
Գունեղ ու ինքնատիպ է բանաստեղծի լեզվամտածողությունը, նրա ձեռագիրը անշփոթելի է, ինքնարտահայտման եղանակները՝ գտնված։ Նա բանաստեղծ է ի սկզբանե, բայց, չգիտես ինչու (թերևս առանց բացել-թերթելու նրա մեկ տասնյակից ավելի գրքերից գոնե մեկ-երկուսը) Հայաստանի գրողների միության անդամ չէ՝ մերժել են կրկնակի։ Եվ սա այն դեպքում, երբ մեր նույն միության մեջ են որքա՜ն ուզես թոթովախոս գրամոլներ, մեկ-երկու լղարիկ, ոչինչ չասող գրքույկների հեղինակներ, չգիտես ինչ ծագման թուղթ մրոտողներ…
Թեև, գրողների միության անդամ լինելով չէ, որ որևէ մեկը դառնում է գրող։
Կարո Առաքելյանը շռայլորեն օժտված գրող է և շատ ավելի բարձր բանաստեղծ, քան մեր օրերում անուն հանած շատ ու շատ այդպիսիներ…


Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ